Մարտի 4-ից առ այսօր ունենք կարմրուկի մոտ 3100 պատվաստում. Գայանե Սահակյան
Մարդիկ ականջալուր են կարմրուկի պատվաստման մեր հորդորներին: Այս պահին ունենք մոտ 600 պատվաստում՝ կոնտակտավորների շրջանում (մոտ 300), այդ թվում՝ բավական մեծ թվով բուժաշխատողների (մոտ 300): Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Նրա խոսքով՝ պատվաստումներ իրականցվում են նաև կոնտակտավորի կոնտակտավորին: Սա նշանակում է, որ եթե մարդը նախնական ազդանշանային փուլում չէ, բայց հետագայում պիտի զարգանա, հնարավոր է վարակի տարածում: Ուստի առաջարկվում է պատվաստում նաև կոնտակտավորների կոնտակտավորներին:
«Ովքեր չեն հիշում իրենց պատվաստումները, չունեն փաստագրված պատվաստումներ, այն երեխաները, որոնք ժամանակին հրաժարվել են, այսօր ծնողները դիմում են բուժհաստատություններ: Ընդհանուր, մարտի 4-ից առ այսօր, ունենք մոտ 3100 պատվաստում: Սա խոսում է այն մասին, որ պահանջարկը բավականին բարձր է, և մարդիկ սիրով դիմում են պատվաստումների»,- նշեց Սահակյանը:
Նա վստահեցրեց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերով: Սա համարվում է պլանային պատվաստում, ուստի երկրը պահուստային պաշարները միշտ ունի: Սա օգնեց, որ արագ արձագանքեն:
«Առաջիկայում կներմուծվի նաև հերթական պլանային դեղաչափը, այնպես որ ընդհատումներ չեն ունենա: Բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն այս պահին հագեցված են: Մշտապես իրականացնում ենք մոնիտորինգ, որպեսզի ընդհատումներ չլինեն և բնակչությունն անպայման սպասարկվի»,-նշեց Սահակյանը: