Սինգապուրի ՆԳ և սոցիալական նախարարը Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվել է ՀՀ-ում խնամատարության ինստիտուտի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Սինգապուրի ներքին գործերի և սոցիալական ու ընտանիքի զարգացման նախարարությունների պետական նախարար Սան Շուեյլանգի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական պաշտպանության ոլորտի թվայնացման վերաբերյալ։
Նախարարությունից հայտնում են, որ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված աշխատանքները, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը և այլն։
Սան Շուեյլանգը հետաքրքրվել է Հայաստանում խնամատարության ինստիտուտի և այդ ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորության մասին։ Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող շարունակական աշխատանքները՝ թե՛ հասարակության շրջանակում ինստիտուտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման, թե՛ ընտանիքների կարողությունների զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ոլորտային հուշագրի ստորագրման հնարավորությունը․ նախարարները պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։