Ադրբեջանը մեծ ներդրում է ունեցել Ուկրաինայի էներգետիկ կայունության գործում. Ուկրաինայի էներգետիկայի նախարար
Ռուսաստանի սկսած պատերազմի ժամանակ էներգետիկայի նախարարության համակարգմամբ Ուկրաինան ստացել է 450 մարդասիրական օգնություն՝ էներգետիկ սարքավորումներով։ Օգնության ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 5650 տոննա։ Ինչպես հայտնում է AZERTAC-ը՝ այս մասին ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն՝ նախարարության կայքին տված հարցազրույցում։
«Ուկրաինայի ստացած սարքավորումների թվում են ավելի քան 1700 գեներատորներ, մոտ 1000 տրանսֆորմատորներ, շարժական գազի կաթսաներ, հատուկ սարքավորումներ, էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման բարձրավոլտ սարքավորումներ, շարժական մալուխային լաբորատորիա և բազմաթիվ նյութեր։ Այս օգնության շնորհիվ մենք կարողացանք վերականգնել էներգետիկ ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտների շահագործումը, որոնք խոցվել էին ռուսական հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և հրետանու կողմից։ Սա մեծ ներդրում է Ուկրաինայի էներգետիկ կայունության և, ի վերջո, մեր ապագա հաղթանակի համար»,- հավելել է նախարարը։
Գալուշենկոյի խոսքով՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն են ցուցաբերել տարբեր մայրցամաքների 30 երկրներ։ Դրանց թվում են Ադրբեջանը, ԱՄՆ-ը, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Շվեդիան, Գերմանիան, Իտալիան և այլ երկրներ։
«Օգտվելով մեր գործընկերների սարքավորումներից՝ մենք միլիոնավոր ուկրաինացիների ենք վերադարձրել էլեկտրաէներգիան և ջերմությունը։ Մենք դուրս ենք եկել այս ծայրահեղ ծանր ձմեռից և արդեն պատրաստվում ենք հաջորդ ջեռուցման սեզոնին։ Միջազգային կոալիցիան նպաստում է ոչ միայն մեր էներգետիկ անվտանգությանը, այլեւ աշխարհի էներգետիկ անվտանգությանը»,- ընդգծել է Գալուշենկոն։