Վարչապետի աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս առնչությամբ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է. «Պահպանելով անմեղության կանխավարկածի կանոնը՝ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։
Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։
Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։