Օրբանը խոսել է Պուտինի հետ պատերազմից առաջ զրույցի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինա ներխուժելուց առաջ բանակցությունների ժամանակ փորձել է Ռուսաստանի ղեկավարից պարզել, թե արդյո՞ք Մոսկվան սպառնալիք է տեսնում Հունգարիայից։
Նրա խոսքով՝ Պուտինը Հունգարիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում խնդիրներ չի տեսնում, սակայն մատնանշել է դաշինքի ընդլայնման հետ կապված մտահոգությունները։ Այս մասին Օրբանն ասել է շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում։
«Երբ ես վերջին անգամ հանդիպեցի նախագահ Պուտինին Մոսկվայում պատերազմի մեկնարկից երկու շաբաթ առաջ, ես հարցրի նրան. Հունգարիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ձեզ համար խնդիր է՞: Ես առաջարկեցի, որ նա ի սկզբանե պարզաբանի դա։ Նա պատասխանեց, որ Հունգարիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խնդիր չէ, խնդիրը միայն Ուկրաինայի և Վրաստանի հնարավոր անդամակցության մեջ է։ Մեկ այլ խնդիր է արդեն իսկ ստեղծված ամերիկյան հրթիռային բազաները Ռումինիայում և Լեհաստանում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնումը Ուկրաինա և Վրաստան՝ այնտեղ զենք տեղակայելու համար»,- ասել է Օրբանը։