«Նոր Զովք»-ի գործով ձերբակալված 4 անձանց էլ կալանավորման միջնորդություն է ներկայացվել
«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Ամրահամյանը:
Ավելի վաղ ձերբակալվել են «Նոր Զովքի» սեփականատերը, ընկերության տնօրենը, գլխավոր հաշվապահը և ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ ՍՊԸ–ի սեփականատերը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։
Հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու, «Նոր Զովք» ՍՊ ընկերության բոլոր խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու նպատակով 2019-2023թթ․ ընթացքում ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ, որը «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջ հանձնարարությամբ և վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան գործիքներ և միջոցներ:
Մասնավորապես, «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցում ներդրվել է առևտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։
Հարկային չարաշահումների վարույթով քրեական հետապնդում է հարուցվել այդ 4 անձի նկատմամբ. նրանք ձերբակալվել էին։