«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
«Նոր Զովքի» գործով ձերբակալված չորս անձանցից երկուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են «Նոր Զովքի» սեփականատերը, ընկերության տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ ՍՊԸ–ի սեփականատերը։
Ըստ ՔԿ-ի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։ Մասնավորապես՝ «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցում ներդրվել է առևտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։
«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում ներդրված այդ ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության իրացման իրական շրջանառությունը՝ վաճառված ապրանքների դիմաց փաստացի ստացված գումարը, իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է էլեկտրոնային սերվերային համակարգում, իսկ կիրառված հանցավոր համակարգը քողարկելու նպատակով «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցից առևտուր իրականացնող գնորդներին տրամադրվել են արտաքին (առևտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ։