Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ. Կրեմլն օգտագործում է Լուկաշենկոյին
Պեկին կատարած այցի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն խթանում է ռուսական տեղեկատվական օպերացիան, որի նպատակն է դանդաղեցնել Արևմուտքի օգնությունն Ուկրաինային և ստիպել Կիևին բանակցել, գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW):
Ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ Կրեմլն օգտագործում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես խողովակ՝ խթանելու տեղեկատվական օպերացիան, որի նպատակն է պայմաններ ստեղծել Արևմուտքի կողմից Ուկրաինային կարևորագույն զինատեսակների տրամադրումը հետաձգելու համար։
Մասնավորապես, Չինաստան կատարած այցի ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման ուղղությամբ, և կա եզակի հնարավորություն՝ վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին։ Լուկաշենկոն նաև մեղադրել է Արևմուտքին և ԱՄՆ-ին, որ իբր ուկրաինացի պաշտոնյաներին ստիպել են հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից։