Որքան շուտ հայկական կողմը փոխի իր դիրքորոշումը, այնքան ավելի լավ կազդի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Բաքվի հանձնառության մասին՝ միաժամանակ նշելով Երեւանի ոչ կառուցողական դիրքորոշումը։
«Այսօր մենք քննարկել ենք տարբեր ոլորտներում եռակողմ համաձայնագրերի (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան) իրականացման հարցը։ Ադրբեջանի դիրքորոշումը միանգամայն հետևողական է և հստակ։ Չնայած բոլոր դժվարություններին, մենք հավատարիմ ենք մնում 5 սկզբունքների վրա հիմնված խաղաղության օրակարգին»,- ասել է Բայրամովը։
Բայրամովը հավելել է, որ Հայաստանի քաղաքականությունը կառուցողական չէ.
«Մենք նկատեցինք հայկական կողմից մշտական խոչընդոտներ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, արձանագրեցինք Հայաստանի կողմից եռակողմ պայմանավորվածությունների կոպիտ և կրկնակի խախտում։ Որքան շուտ հայկական կողմը փոխի իր դիրքորոշումը, այնքան ավելի լավ կազդի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասաց նա։