ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Ազգային ժողովի պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականին Սումգայիթում իրականացված ջարդերի հայ զոհերի հիշատակը:
Նիստն սկսելուց առաջ, վարման կարգով, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ 35 տարի առաջ՝ փետրվարի 27-ին, սկսվել և 28-ին ու 29-ին շարունակվել է Սումգայիթում հայերի հերթական ցեղասպանությունն Ադրբեջանի կողմից: Նա առաջարկեց մինչև աշխատանքները սկսելը 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։