Ֆինանսական բողոքները շատ են բանկերից ու ԱՊՊԱ-ներից
2015թ-ին Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ ստացվել է 3 829 բողոք, որից 3263-ն են վերաբերել ֆինանսական համակարգին։ Նախորդ տարվա ընթացքում քննության է ընդունվել 1448 պահանջ, ինչը 13.5%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ պահանջների քննության արդյունքում գործերի 78.64%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի, իսկ 218-ը գտնվում է քննության փուլում։
«Սա շատ լավ ցուցանիշ է և խոսում է այն մասին, որ կարողանում ենք հաշտության եզրեր գտնել հաճախորդի ու ֆինանսական կազմակերպության միջև։ Պետք է նշել, որ պահանջների 59.50%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով։ Ընդհանուր առմամբ արդեն լուծված 1230 գործերի շրջանակում հատուցվել է 176 մլն 708 հազ. դրամ, որից մոտ 80%-ը հատուցվել է ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացված գործերով»,-ասաց նա։
Փիրուզ Սարգսյանը նշեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բողոքների հիմնական թիրախում եղել են ապահովագրական ընկերությունները, այնուհետև բանկերը, ինչը սակայն, ըստ նրա, պայմանավորված չէ վերջիններիս վատ աշխատանքով։