Ադրբեջանական գազը շուտով կլինի Եվրոպայում
Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) շինարարության վերջին հատվածի աշխատանքների իրականացումը հանձնվել է Punj Lloyd-Limak ընկերությանը, որի հետ կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը պետք է կառուցի թուրքական Էսքիշեհիր քաղաքից մինչև Հունաստանի սահման, ընդհանուր 459 կմ երկարությամբ: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Տրանսանատոլիական գազամուղը Ադրբեջանի Շահդենիզ 2 հանքավայրից գազը պետք է հասցնի մինչև Հունաստանի սահման և պետք է միանա Տրանս-Ադրիատիկ գազամուղին, ընդհանուր առմամբ 1850 կմ: Այնուհետև Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի տարածքով պետք է հասնի եվրոպական մյուս երկրներին:
Ադրբեջանական oxu.az կայքի տվյալներով նախատեսվում է գազամուղի շինարարությունն ավարտել 2018 թվականին: Նախապես այն պետք է աշխատի 16 մլրդ խմ տարեկան հզորությամբ, այնուհետև դրան պետք է միանա մեկ այլ գազամուղ`Հարավային Կովկաս անվամբ: Հարավային Կովկաս գազամուղը Վրաստանի տարածքով, Սև ծովով և Բուլղարիայի տարածքով պետք է միանա Տրանս-Ադրիատիկին: Դրանից հետ նախատեսվում է տարեկան Եվրոպա հասցնել 31 մլրդ խմ գազ:
Տրանսանատոլիական գազամուղի շինարարությունը կազմում է 10-11 մլրդ դոլլար: Այժմյան տվյալներով դրա բաժնետերերն են հանդիսանում «Հարավային Գազի Միջանցք» ընկերությունը` 58 տոկոս, ԲՈԹԱՇ ընկերությունը` 30 տոկոս, ԲՓ ընկերությունը` 12 տոկոս:
Հիշեցնենք, որ տարբեր փորձագետներ ռիսկային են գնահատել գազամուղի շինարարությունը, որի պատճառով անընդհատ հետաձգվում էր շինարարական ընկերությունների ներգրավվումը: