Խաչատուրովի կողմից գույք ձեռք բերելը դիտվել է որպես «փողերի լվացում». փաստաբան (տեսանյութ)
3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի գործով է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գ.Խաչատուրովի շահերի ներկայացուցիչ Հակոբ Ենոքյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ՝ ժամը 20:10-ի սահմաններում է Գրիգորի Խաչատուրովը որպես մեղադրյալ ձերբակալվել, և դատարանին է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
«Ըստ էության, Օհանյանի գործով է, ուղղակի գործերը միացրել են իրար։ Մեղադրանքը «փողերի լվացմանն» է առնչվում, սակայն Օհանյանի մասին ԱԺ–ում հնչած դեպքի հետ առնչություն չունի, այսինքն` գույքեր օտարելու հետ Խաչատուրովը կապ չունի։ Խաչատուրովի դեպքում այդ գույքերից մեկը ձեռք բերելը դիտվել է որպես «փողերի լվացում»»,– ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ մեղադրանքն առնչվում է փողերի լվացմանը, բայց կոնկրետ Ազգային ժողովում հնչած միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։
«Այնտեղ պաշտոնական դիրքն օգտագործելով, չարաշահելով՝ պատճառած վնասի մասին է խոսքը, այսինքն՝ ինչ-որ գույքեր օտարելու, այնտեղ այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»,- ասաց Ենոքյանը։
Նա հայտնեց նաև, որ 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին է խոսքը` տվյալ պարագայում 15 տարի է դեպքի վաղեմության ժամկետը։ Փաստաբանը վստահեցրեց, որ Խաչատուրովն առնչություն չունի այդ գույքի հետ։ Նա հայտնեց, որ գործով ապացուցման առարկա է` ձեռք բերված գույքն անօտարելի էր արդյոք։