«Համերի» վարորդը 2 ամսով կալանավորվեց
«Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ՔԿ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է։ Այս մասին Newspress.am-ը տեղեկացավ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։
Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2 մասի 6 կետով, 297-րդ հոդվածի 1 մասով, 396-րդ հոդվածի 2 մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով։
Փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների եւ քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետեւ սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարակում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է:
«Համերի» վարորդը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է: