«Համերի» վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, ինքնությունը ճշտվել է․ Ոստիկանություն
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում։ Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի, «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանների ցուցումներին, մեքենան անկառավարելի է վարել։ Վարորդը փորձել է փախուստի դիմել ոստիկաններից, ինչին ի պատասխան՝ ոստիկանները զգուշացնող կրակ են բացել մեքենայի ուղղությամբ։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: