Կռվով հարց չի լուծվում, հարաբերությունները պետք է լուծվեն համագործակցությամբ․ Քերոբյանը՝ Թուրքիա ուղարկած օգնության մասին (տեսանյութ)
Հայաստանը պետք է ավելի ու ավելի մեծացնի իր համագործակցությունն աշխարհի բոլոր երկրների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Թուրքիա ուղարկված «մարդասիրական» օգնությանը։
Այն, որ Թուրքիան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցել է Հայաստանի թշնամի երկրին՝ Ադրբեջանին, Քերոբյանն այլ տեսանկյունից է մեկնաբանում։
Ըստ նրա՝ կռվով հարց չի լուծվում, հարաբերությունները պետք է լուծվեն համագործակցությամբ։
«Կարծում եմ՝ մենք հիմա շատ լավ օրինակ ենք ցույց տալիս, թե ինչպես պետք է դրական օրակարգով մոտենալ հարցին։ Ճիշտ է՝ խոշոր աղետ է տեղի ունեցել, բայց այսպիսի դեպքերում ցույց տալ, որ մենք պատրաստ ենք հանդես գալ հումանտիար օգնությամբ և այդ միջոցով լավացնել հարաբերությունները»,-ասաց Վահան Քերոբյանը։
Լրագրողի հարցին, թե այդ դեպքում, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը նույն հումանիտար սկզբունքով չի մոտենում Արցախում առկա ճգնաժամն ու հումանիտար աղետին, Քերոբյանը պատասխանեց․ «Այո, էնտեղ կա հումանիտար աղետ, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններով ևս պետք է աշխատել։ Եվ մի մոռացեք, որ կառավարությունը ֆինանսական աջակցություն է ուղարկում Արցախ»։