Արցախցիների ծառահատումները լուրջ բնապահպանական աղետի է վերածվում. Փաշինյանն ամփոփեց Արցախի շրջափակման 60-րդ օրը (տեսանյութ)
«Երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ-ի գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր մեկ օր առաջ, մինչ այդ Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել դրանից 4 օր առաջ»: Կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ և հավելեց, որ այն չի արտահայտում ողջ պատկերը, որովհետև գազամատակարարումների դադարեցման և վերականգնման արանքում էլ տեղի են ունենում այլազան իրադարձություններ՝ գազամատակարարումը դադարեցնելով 50%-ով այնուհետև այն հասցվում 70%-ի, հետո նվազեցվում 10 %, այնուհետև բարձրացվում 30%-ի:
«Նման վայրիվերումները երբեմն օրվա մեջ կարող են տեղի ունենալ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ, ընդ որում, սա ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև, եթե բնապահպանները Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, ապա գազախողովակում նրանք չեն նկատվել: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ին մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն: Պետք է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի ԼՂ-ում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը նաև արգելափակել է ԼՂ-ի հոսանքի մատակարարումը և քանի որ էլեկտրաէներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, Արցախի իշխանությունները ստիպված են հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել օրական 6-10 ժամ՝ կախված եղանակից:
Տեղեկացնելով, որ այդ իրավիճակում տները տաքացնելու համար արցախցիները ստիպված են անտառներում հատումներ անել և լուրջ բնապահպանական խնդիրներ ստեղծել՝ Փաշինյանը հայտնեց. «60 օր առաջ Լաչինի միջանցքի փակումը, բացի հումանիտար ճգնաժամից, նաև բնապահպանական ճգնաժամի է հանգեցրել»: