Որևէ մեկը չի ժխտում Թուրքիայի մասնակցությունը 2020-ի պատերազմին, բայց չենք կարող անդադար թշնամի մնալ․ Սարգիս Խանդանյան
Ոչ ոք չի ժխտում, որ Թուրքիան ներգրավվածություն է ունեցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, բայց կարծում եմ, որ հնարավոր չէ փորձել անդադար թշնամության միջավայրում երկրի արտաքին քաղաքականությունը պայմանավորել։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով հարցին, թե՝ Թուրքիան Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալի՞ք է, թե՞ ոչ:
«2020 թվականի պատերազմից հետևություններ արվել են, ու որևէ մեկը չի ժխտում Թուրքիայի մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունն այդ պատերազմին: Բայց մենք չենք կարող անդադար թշնամության միջավայրում փորձել մեր արտաքին քաղաքականությունը պայմանավորել, մենք պետք է շարունակենք աշխատանքները, որ թշնամանքը կառավարվի, սպառնալիքները կառավարվեն, և մենք, ի վերջո, կարողանանք հասնել մի հանգրվանի, որ այս տարածաշրջանը լինի խաղաղ ու անվտանգ»,- ասաց Խանդանյանը: