Կլինի մեկ տիպի բժշկական ապահովագրական փաթեթ, քաղաքացիները կվճարեն ամսական վճարները․ նախարար
Ապահովագրավճարը հաշվարկվելու է ոչ թե մարդու եկամուտներից տոկոսի կամ որևէ արժեքի ձևով, այլ ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք:
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրմանը։
Ըստ նախարարի՝ լինելու է մեկ տիպի ապահովագրական փաթեթ, որում ներառված է լինելու հիմնական ծառայությունների ողջ սպեկտրը: Առաջին փուլով բոլոր պետական պատվերի շահառուները կունենան մեկ միասնական ապահովագրության փաթեթ։
«Մեր գնահատականներով՝ այս ծառայությունների փաթեթը բավական ընդգրկուն է և հիմնված Հայաստանում հիվանդացության հիմնական բեռը կազմող հիվանդությունները հասցեագրելու վրա: Բայց պետությունն այս ապահովագրավճարից իրականացնելու է տարբեր չափերի համաֆինանսավորումներ, դա արդեն կախված է լինելու մարդու եկամուտներից, որովհետև Հայաստանը, լինելով սոցիալական պետություն, խոցելի խավերի առողջական, կրթական և այլ անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար միանշանակ ունենում է իր մասնակցությունը»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարը շեշտեց, որ լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների վրա, և քաղաքացին վճարելու է այդ ամսական վճարները: