Կբարելավվեն ձերբակալված և կալանավորված անձանց պահելու պայմանները
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այս նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մակարդակով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն կապված են հենց ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորմանը և նաևպետության պոզիտիվ պարտավորությունների կատարմանը:
Նրա խոսքով՝ այս պահին գույքագրվում են Հանրապետությունում առկա 33 ձերբակալվածներին պահելու վայրեր` հասկանալու համար, թե ինչպիսի շենքային խնդիրներ են առկա, ինչ միջազգային ստանդարտներին պետք է համապատասխանեն այդ վայրերը եւ ըստ այդմ` կատարվեն որոշակի փոփոխություններ` ապահովվելու ձերբակալվածների իրավունքները:
Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բովանդակային որեւէ փոփոխություն չի կատարվել:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել է. «Այս նախագծով առաջարկվող փոփոխությամբ Կառավարությանը վերապահվում է իրավունք, որպեսզի իր որոշմամբ սահմանվի ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերի շինությունների ձեւը, կարգը, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: