Սա զոհվածների ծնողների ու ոստիկանների վերջին առերեսումն է․ ըստ պաշտպանի՝ առերեսումներն ինքնանպատակ են (տեսանյութ)
Զոհվածների ծնողների ու ոստիկանների առերեսումներն ակտիվ փուլում են, բայց սա վերջին առերեսումն էր, որին ծնողները մասնակցում են: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Սա իրենց դիրքորոշումն է, իսկ այն բխում է հենց առերեսումների բովանդակություններից»,- ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ առերեսումը կատարվում է դատավարական մրցակիցների միջև այն դեպքում, երբ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ կոնկրետ դեպքի կամ իրադարձության վերաբերյալ։ Իսկ այս դեպքում, փաստորեն, փաստաբանի խոսքով, ցուցմունքները չեն հակասում։
«Մենք 2-3 առերեսումից հետո տեսանք, որ ոստիկանների և ծնողների ցուցմունքներում հակասություններ առկա չեն։ Ծնողները նշում են, որ իրենց օրինական պահանջ ներկայացված չի եղել, բերման են ենթարկվել անօրինական կերպով, բռնի ուժ կիրառելու միջոցով, ոստիկանները չեն հերքում, որ իրականում իրավական պահանջ չի ներկայացվել, հետևաբար այս առերեսումներն ինքնանպատակ են»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանն իր ցուցմունքում փաստել է՝ երբ անձինք բերման են ենթարկվել, կոնկրետ այդ պահի դրությամբ ծնողների կողմից հասարակական կարգի խախտումներ, անվտանգությանը սպառնացող գործողություններ առկա չեն եղել։
Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ առերսումները պետք է կատարվեն տարբեր ծառայությունների ոստիկանների և հրամանատարական կազմի միջև, քանի որ նրանց ցուցմունքներում են առկա էական հակասություններ, ոչ թե ծնողների ու ոստիկանների։
«Կարող են դատավարական միջոցներ կիրառել ի հակադրություն մեր այդ դիրքորոշման։ Օրինակ, ծնողներին բերման ենթարկեն։ Թող բերման ենթարկեն։ Եթե կփորձեն բերման ենթարկելով առերեսում իրականացնեն՝ դա իրավաչափ չէ, քանի որ մենք պնդում ենք, որ այս պահին չկան հակասություններ»,- ասաց նա։