Թուրքիայում ձերբակալված պոլսահայ մտավորականին փակ ռեժիմով բանտ են տեղափոխել
Թուրքիայում «ապօրինի շինություններ կառուցելու» և «կնիք կեղծելու» մեղադրանքով 11 տարով բանտարկված պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանին «Սուլթանհիսար» բաց բանտից տեղափոխել են ավելի վատ պայմաններով «Այդըն Յենիփազարի» փակ բանտ: Այդ մասին տեղեկությունը «Ակօս»-ի հետ զրույցում հաստատել է Նիշանյանի փաստաբաններից Մուաթ Աքչըն:
Նրա խոսքով՝ Նիշանյանին այլ բանտ տեղափոխելու պատճառը դեռևս մնում է անհայտ, և ինքն այդ մասին կարող է իմանալ միայն երկուշաբթի՝ Նիշանյանին բանտում այցելելուց հետո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին՝ իր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Նիշանյանն անկրկնելի խնջույք էր կազմակերպել, որի ընթացքում աղմկահարույց ելույթ էր ունեցել իշխանությունների և բանտի պայմանների մասին: