Հայկ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է, նա դադարեցրել է ջրադուլը և հացադուլը
«Քիչ առաջ Հայկ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է, նա այժմ առանձին է՝ մենախցում: Այդ պատճառով նա դադարեցրել է ջրադուլը և հացադուլը:
Հիշեցնում եմ, որ Հայկ Կյուրեղյանն իր կյանքին սպառնացող իրական վտանգը չեզոքացնելու համար մենախցում կալանքը կրելու պահանջով սկզբում հացադուլ, իսկ հունվարի 18-ից՝ նաև ջրադուլ էր հայտարարել, սակայն նրա պահանջը բավարարվել է միայն այսօր՝ հունվարի 22-ի երեկոյան՝ 5 օրվա ջրադուլից հետո, երբ արդեն ռեալ վտանգ էր առաջացել նրա կյանքի համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: