Պաշտպանության նախարարը որևէ ձևով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ. Ալեն Սիմոնյանը փորձեց պաշտպանել Պապիկյանին (տեսանյութ)
«Վստահեցնում եմ՝ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն։ Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքն ամբողջովին արել է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի դեպքին, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
Անդրադառնալով դիտարկմանը, որ պաշտպանության նախարարը պաշտոնանկ չի արվել, թեև սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր պահանջում էին կառավարության, հատկապես Պապիկյանի հրաժարականը, ԱԺ նախագահն ասաց. «Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևէ ձևով չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է: Այդ քաղաքական սակարկումները նախարարի վերաբերյալ սին ու անտեղի եմ համարում: Այն բարեփոխումները, որ պարոն Պապիկյանն իրականացնում է եւ նաև այն պատասխանատվությունը, որ նա իր վրա վերցրել է պատերազմից հետո, համաձայնություն տալով այդ վիճակում բանակը վերցնելու և բարեփոխումներ սկսելու»:
Հարցին, թե ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, նա ասաց. «Սկսած անձնակազմի փոփոխությունից վերջացրած հենց ամենակարևորը՝ կահավորումից, որը բոլոր տեղերում փոխվել է ու փոխվում է։ Դրսից տարբեր որակի կահավորում ենք ներմուծելու Հայաստան։
Հայաստանը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով որևիցե գնում չկատարենք»։