Պայթյուն՝ Լոռու մարզի Արջուտ գյուղում․ բժիշկները պայքարում են վիրավոր կնոջ կյանքի համար
Հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել` հրդեհի բռնկումով և կա տուժած։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։
Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված գյուղից շտապօգնության ավտոմեքենայով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել 52-ամյա Ալվարդ Մ․-ին, ում ձեռքը ամպուտացվել է։
Հրշեջ-փրկարարները փակել են գազօջախի և ջեռուցման կաթսայի փականները, մարել ինքնաշեն կաթսայի այրման խցիկում առկա փայտի մնացորդը։ Պարզվել է՝ պայթյունից վնասվել է խոհանոցի մի հատված և սպասքը։