Զորամասի հրդեհի գործով ձերբակալվածներ չկան. հարցաքննությունները շարունակվում են
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի քրվարույթով ձերբակալվածներ չկան: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նա ասաց, որ հարցաքննությունները շարունակվում են. «Վարույթային և ապացուցողական գործողությունները լայն ծավալով շարունակվում են»:
Երեկ՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։