Կան վարկածներ, որոնք ճշտվում են. համայնքապետի տեղակալը` Գեղարքունիքի վաշտերից մեկում տեղի ունեցած հրդեհի մասին
Այս պահին Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի տեղանքում է, որտեղ տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, իսկ 3 զինծառայողի վիճակն էլ գնահատվում է ծանր։
Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի առաջին տեղեկալ Կարեն Մկրտչյանը, որը պատասխանեց համայնքապետի անձնական բջջային հեռախոսազանգին։
«Համայնքի ղեկավարն այնտեղ է, դրա համար եմ ես հիմա պատասխանում»,–ասաց առաջին տեղակալը։
Նա նշեց, որ այս պահին այնտեղ փորձում են պարզել կատարվածի պատճառները։
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հրդեհը թշնամու ձեռքի գործն է, Կարեն Մկրտչյանը պատասխանեց. «Բացարձակապես ոչ»։
Ճշտող հարցին, թե էլ ի՞նչ վարկածներ կան` հրդեհի հետ կապված, Մկրտչյանը պատասխանեց, որ քանի դեռ հստակ պատասխաններ չկան այդ հարցին` վարկածների մասին չի ուզում խոսել։
Միևնույն ժամանակ, նա ցավակցեց զոհված տղաների համար և ասաց. «Լսել ենք, որ հրդեհ է եղել և մեր հերոսները մահացել են, բայց եկեք դեռևս չասենք, թե ինչի հետևանքով։ Երբ կլինեն հստակ տեղեկություններ` կասենք դրա մասին»։
Նա նաև հավելեց, որ վիրավոր զինվորները, ըստ նախնական տվյալների, Վարդենիսի հոսպիտալում են։
«Ամեն ինչ ճշտվում է այս պահին»,- ասաց Կարեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության տեղեկություններով, ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից: