2023-ը բոլոր պարամետրերով հիշեցնում է 1939-1941թթ համաշխարհային պատերազմին ընդառաջ կատարվող՝ պետությունների դիրքավորման փուլերը. միջազգայնագետ
«Դավոսի» «տնտեսական» ֆորումում, Կիսսինջերի գլխավորությամբ [և Կլաուս Շվաբի ու Սորոսի բացակայությամբ, նաև ՌԴ և Չինաստան պատվիրակությունների բացակայությամբ], կոլեկտիվ արևմուտքը՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ ու անթաքույց ուղղորդմամբ, աշխարհին գուժեց 3-րդ՝ [հիբրիդային] համաշխարհային պատերազմի սկիզբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:
«Լավրովի՝ ֆորումից հետո առաջին ելույթն էլ նույնքան բացեիբաց հայտարարությամբ, արևմուտքին այսօր առավոտյան ծանոթացրեց այն կոնտեքստին, որի շրջանակներում ՌԴ-ն ընկալում է այնտեղ արված հայտարարությունները. ինչպես Նապոլեոնն՝ ընդդեմ ցարական Ռուսաստանի, ինչպես Հիտլերն՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ը՝ ընդդեմ ՌԴ-ի, հավաքագրել են եվրոպական բոլոր պետություններին Ռուսաստանը ոչնչացնելու օրակարգի շուրջ, այդպիսով ցանկանալով տալ «վերջնական լուծում ռուսական հարցին»։
Իսկապես, 2023-ը բոլոր պարամետրերով հիշեցնում է 1939-1941թթ համաշխարհային պատերազմին ընդառաջ կատարվող պետությունների դիրքավորման փուլերը։ Ասած չինացիների՝ ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակներում։ Սա այն դեպքն է, երբ «հետաքրքիր» և «մահաբեր» բառերը հոմանիշ են։
Հ. Գ. Այսօր Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Լենինգրադի բլոկադայի ճեղքման հիշատակման 80-ամյակն է»,- գրել է Աբրահամյանը։