Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ամենախոշոր ու ամենավճռական պատերազմի առաջ․ Արման Աբովյան (տեսանյութ)
Պատերազմի առկայությունն այն իրողությունն է, որն անկախ այն բանից կուզենք-չենք ուզի, կընդունենք, թե ոչ, դրանից չի փոխվում։ Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկմանն ասաց նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա դիտարկմամբ, այդ իրողությունն ընդունելուց են կախված մեր անելիքները։
«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ամենախոշոր ու ամենավճռական պատերազմի առաջ»,- ասաց նա։
Արման Աբովյանը նկատում է, որ վերլուծաբաններն ու փորձագետներն անգամ քննարկում են ոչ թե պատերազմ լինել-չլինելու հավանականությունը, այլ այն, թե ինչ է լինելու պատերազմից հետո։ Նա նաև հավելեց, որ այդ քննարկումները՝ 99.9 տոկոսով վերաբերում են Հայաստանի տարածքներին։
«Սա ոչ թե վախեցնելու, տագնապ առաջացնելու համար եմ ասում, այլ նրա համար, որ բոլոր խնդիրների լուծումը գալիս է նրանից, թե որքանքվ ենք մենք ընդունում իրականությունը»,- ասաց Արման Աբովյանը։
Նրա խոսքով, բուժման ենթակա հիվանդը չի բուժվի, եթե նա զբաղվի ինքնախաբեությամբ ու ասի, որ ինքը շատ լավ է։
«Եթե հիվանդ է՝ պետք է բուժվի։ Հիմա եթե մենք ուզում ենք հավատալ, թե ամեն ինչ նորմալ է և չենք ընդունում իրողությունը, դրանից խնդիրը չի լուծվում, դա իլյուզիա է»,-ասաց նախկին պատգամավորը։
Նա հիշեցրեց, թե ինչպես Վարդենիսի ու Ջերմուկի կրակոցներից ու պատերազմական գործողություններից առաջ, ինչպես էին շատերը ծաղրում բանախոսներին ու վերլուծաբաններին, երբ նրանք զգուշացնում էին այդ մասին։ Հիմա դարձյալ իրավիճակը չի փոխվել և պատերազմի վտանգն անխուսափելի է։
«Չի ստացվի խուսափել․ ասեմ ավելին՝ մենք ապրում ենք պատերազմի մեջ»,- ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ Երևանից ընդամենը 55-58 կմ հեռավորության վրա, Երասխից այն կողմ, ադրբեջանական բանակ է տեղակայված։
«Խնդրում եմ մի հատ ժամով ասեք՝ քանի՞ ժամ կպահանջվի մինչև հասնեն Երևան»,-ասաց նա։