Այսօր երեկոյան աղի բլիթ ուտելու օրն է
Այսօր երեկոյան աղի բլիթ ուտելու օրն է, սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը համարվում է շարժական: Այս տարի այն նշվելու է հունվարի 23-ին: Ըստ ավանդույթի` տոնի նախորդ ուրբաթ երեկոյան պատրաստում են աղի բլիթ ու համաձայն ժողովրդական սովորության՝ երիտասարդներն ուտում են աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա ամուսինը կամ կինը կլիներ:
Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած երիտասարդները, որովհետև այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել և ուտել` երազում իմանալու համար, թե ով է ապագա հարսնացուն կամ փեսացուն։ Թե երբվանից է սկսվել այս սովորույթը, հստակ հայտնի չէ։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ այն հին հեթանոսական գուշակության արարողությունների մաս լինի, որը մուտք է գործել քրիստոնեության մեջ։ Այսօր աղաբլիթի հետ կապված արարողությունը երիտասարդ աղջիկների և տղաների կողմից դիտվում է որպես գուշակություն։
Ըստ պատմության` Սուրբ Եղիշե պատմիչը հայտնում է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը և այլ հոգևորականներ, ինչպես նաև քրիստոնյաները պահքի և աղոթքի մեջ էին` իրենց անձերը հոգեսպան վնասներից հեռու պահելու համար։ Մինչդեռ այսօրվա քրիստոնյաները հաճախ անգիտությամբ պահքին կամ տոներին կապում են նաև գուշակություններ, որոնց հետևելը վայել չէ քրիստոնյաներին։