Ադրբեջանի «հաղթանակի» ընթրիքին մասնակցած ֆրանսիացի պատգամավորը՝ Երևան ժամանած պատվիրակության կազմում․ Hetq.am
Hetq.am-ը գրում է՝ պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի պատվիրակության կազմում ընդգրկված է պատգամավոր Անն Ժենետեն, որին Ֆրանսիայի հայկական շրջանակները և Ֆրանսիայի հայամետ քաղաքական գործիչները քննադատում են Ադրբեջանի հետ կապերի մեջ։
Ժենետեն Ֆրանսիայի 11-րդ ընտրատարածքի պատգամավոր է, ներկայացնում է Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիներին 49 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
2021 թվականի նոյեմբերի 13-17-ը Անն Ժենետեի այցը Երեւան, «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի կազմում, չեղարկվեց մի սկանդալի պատճառով։ Այցից օրեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, երբ Հայաստանը սգում էր 44-օրյա պատերազմում կորցրած զավակների հիշատակը, Փարիզում Ադրբեջանի դեսպանությունը ընթրիք-բանավեճ էր կազմակերպել ֆրանսիացի քաղաքական գործիչների և գործարարների համար՝ նվիրված «Ղարաբաղի ազատագրման 1-ին տարեդարձին»։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում ընթրիքի մասին գրառումն ուղեկցվում է «Հաղթանակի օր», «Ղարաբաղն Ադրբեջան է» հեշթեգով։
«Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և մարտահրավերներ. ի՞նչ դեր ունի Ֆրանսիան» խորագրով ընթրիքին մասնակցում էր նաև Անն Ժենետեն։ Նա Թվիթերում լուսանկար էր հրապարակել՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի կողքին և գրել, որ Ֆրանսիան պետք է գործի հանուն խաղաղության, և խորհրդարանական դիվանագիտությունը կարող է նպաստել դրան։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։