Որոնք են իշխանության և ընդդիմության տարբերությունները՝ ըստ Անդրանիկ Թևանյանի (տեսանյութ)
Իշխող ուժը Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում, մենք՝ ոչ, իշխող ուժը պատրաստ է անսահման զիջումների հանուն, այսպես ասած, խաղաղության, բայց ոչ մի երաշխիք չի տալիս, որ այդ խաղաղությունն ու անվտանգությունը կլինի, մենք ասում ենք, որ պետք է պայքարել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար և բացառել Ադրբեջանի կազմում նրա հայտնվելը: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ թվարկելով ընդդիմության և իշխանության տարբերությունները:
«Հայաստանի իշխանությունը հրաժարվում է այն հանձնառությունից, որը սահմանված է և՛ Սահմանադրությամբ և օրենքներով, մենք ընդհակառակը՝ շեշտում ենք այդ հանձնառությունը»,- ասաց պատգամավորը:
Թևանյանը նշեց, որ տեսանելի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը համատեղ գործողություններով և Շուշիի հռչակագրով ամրագրված սկզբունքներով խնդիր է դրել ոչնչացնել Արցախի և Հայաստանի հանրապետությունները:
«Մենք դատապարտում ենք այդ մոտեցումները և կարծում ենք, որ չի կարելի այս վտանգավոր իրավիճակում փչացնել, թշնամացնել հայ-ռուսական հարաբերություները, ինչով զբաղված են Հայաստանի իշխանությունները»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ իրենք գտնում են, որ պետք է որակապես նոր մակարդակի բարձրացնել նաև հայ-իրանական հարաբերությունները, մինչդեռ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանն իր 4 ժամանոց ասուլիսում ոչ մի բառ, ոչ մի շնորհակալություն չհայտնեց Իրանին, որն այսօր դարձել է Սյունիքի հայկական մնալու երաշխավորը:
Մանրամասները՝ տեսանյութում