Ադրբեջանամետների ձեռքի գործը. Սեյրան Օհանյանը` ԵԽԽՎ հակահայկական բանաձևերի մասին
ԵԽԽՎ-ում առաջիկայում քննարկվող հակահայկական բանաձեւերը բարձրացվել են այն մարդկանց կողմից, որոնք ադրբեջանամետ են: Երկու նախագծեր են, որոնցից մեկը վերաբերում է առաջնագծում իրավիճակի սրմանը, մինչդեռ դրա ակունքներում հենց Ադրբեջանն է կանգնած: Մյուսը սոցիալական խնդիր է՝ վերաբերող ջրային տնտեսությանը, ինչն այսօր գտնվում է ԼՂՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում, ջրամբարը պատշաճ կերպով օգտագործվում է: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասաց հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփիչ խորհրդակցության ժամանակ:
Խոսելով հայկական պատվիրակության աշխատանքի մասին ՊՆ ղեկավարը նշել է, թե նրանք իրենց գործը կատարում է: Նախօրեին newspress.am-ի հետ զրույցում պատվիրակության անդամներից մեկը նշեց, որ իրենք հակահարված են տալու ԵԽԽՎ-ում, սակայն, թե ինչ մեխանիզմով` գաղտնի է պահվում:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված են Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերը: