Հարցն այն չէ՝ ինչ ենք ակնկալում Հայաստանից, հարցն այն է՝ ինչով կարող են օգնել․ իրենք ասել են՝ էսքանը կարող ենք անել. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
Մարդիկ, որ ապրում են Հայաստանում, իրապես, 100 տոկոսով ու լիարժեք չեն հասկանում՝ ինչ ասել է բլոկադա։ Այս մասին Հայաստանի Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշեց, որ բլոկադայի հետևանքով առաջացած դժվարությունների ու դրա հետ կապված Մարդու իրավունքների խախտման մասին պետք է բարձրաձայնվի ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից։
Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանի և՛ ԱԺ-ի, և՛ կառավարության, և՛ այլ պետական մարմինների ու կազմակերպությունների կողմից պետք է լինի ավելի ակտիվ արձագանք, որպեսզի մարդիկ տարբեր երկրներում տեսնեն ու հասկանան՝ ինչ է կատարվում այստեղ։
Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանի իշխանություններից ակնկալվող օգնությանը, ապա Ռուբեն Վարդանյանը նկատում է, որ հարցն այն չէ, թե ինչ են ակնկալում Հայաստանից, հարցն այն է, թե ինչով կարող է օգնել Հայաստանը։
«Իրենք աջակցում են ֆինանսապես, աջակցում են իրավական դաշտում, և իրենք ասել են՝ էսքանը կարող ենք անել, դրանից ավել չենք կարող անել»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ դրա համար էլ շնորհակալ են։