Մենք գործ ունենք ամենատարրական ապատեղեկատվության հետ․ նախարարը՝ ռազմահայրենասիրական դասերի արգելման մասին
Պետք է ասեմ, որ մենք գործ ունենք ամենատարրական ապատեղեկատվության հետ, որը պարզ էր նույնիսկ շրջաբերականի տեքստից։ Շրջաբերականն ուղարկվել էր իմ՝ նախարարի տեղակալ եղած ժամանակ և վերաբերում էր բացառապես մի դեպքի, որ զինվորական բնույթ կրող կառույցները, օրինակ՝ որտեղ կա զենքի առկայություն, զինված մարդկանց ելումուտ, ինչպես, օրինակ, զորամասերն են կամ այլ ռազմական միությունները, որ դրանք չտեղակայվեն դպրոցների շենքում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Վերջինս պարզաբանելով հավելեց նաև, որ խոսքը պարապմունքների, խմբակների, տարբեր տիպի ուսումնական ծրագրերի մասին չէր, որոնք եղել են, անցկացվում են։ Ավելին՝ նոր չափորոշիչների շրջանակներում դրանք ավելի արդյունավետ և գործնական պետք է դառնան։
«Մենք նաև ռազմամարզական ճամբարն ենք պարտադիր անցկացնում 11-րդ դասարանի երեխաների համար։ Խոսքը վերաբերել է ուղղակի նմապատիպ կառույցներին։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ կառույցները, որոնք գործում են դպրոցի տարածքում, թիրախ են դարձնում ուսհաստատությունը։ Եվ, այստեղ, իհարկե, միջազգային կառույցների այն նորմն է, որ պետք է ապահովել կրթական հաստատությունների անվտանգությունը»,- նշեց Անդրեասյանը։