Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կարող են սահմանը հատել առանց մուտքի արտոնագրի. նոր նախագիծ
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացրեց «ՀՀ-ի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Միրզոյանի խոսքով՝ Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և ճիշտ այդպես արտացոլված է Կառավարության ծրագրում։
«Հանուն արդարության գործնականում ևս ամենաբարձր մակարդակով պարբերաբար տեղի են ունենում շփումներ, ինտենսիվ կապեր կան բոլոր գերատեսչությունների։ Վրաստանը մեր քաղաքացիների համար նաև գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է։ Հետաքրքիր է նշել, որ 2019թ., 1 մլն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան։ Իհարկե, հասկանալիորեն համավարակի ընթացքում սա հետընթաց է արձանագրել։ Կարծում ենք, որ առաջիկայում այս դինամիկան կվերականգնվի։ Ուզում եմ նշել, որ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է ՀՀ-ի և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժի մասին 1993թ․-ին կնքված համաձայնագրով»,- նշեց Միրզոյանը և հավելեց, որ 2020թ․-ի մարտի 3-ին Վրաստանի և Հայաստանի վարչապետերի կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին։
Նրա խոսքով՝ կողմերը հայտնել են, որ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ աշխատանքներ են տարվել և հենց նշյալ նախագիծն են ներկայացնում։