Կանանց ծառայությունը կամավորության հիմունքներով է իրականացվելու. ՊՆ փոխնախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունում քննարկվում է կանանց՝ ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը, քանի որ վերջիններս մեծ ակտիվություն են ցուցաբերել մարտական հրաձգության դասընթացներին։ Այս մասին ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Մեծ գոհունակությամբ և մեծ պատասխանատվությամբ են մոտեցել այդ հարցին, դրական արդյունքներ են ցուցաբերել»,- ասաց Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ խնդիր է դրված կանանց` Զինված ուժերում դրական լուման ներդնելուն ու կանանց ներուժն օգտագործելուն։ Նա ընդգծեց, որ խոսքն այն կանանց մասին է, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն իրենց նպաստը բերելու Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։
«Ներկայումս քննարկման փուլում է` օրենքի նախագծի մշակման տրամաբանությամբ: Երբ հնարավոր լինի այդ նախագիծն արդեն շրջանառել, այդ ժամանակ կշրջանառենք»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ կանանց ծառայությունը կամավորության հիմունքներով է իրականացվելու։
«Միգուցե այս պահին իրավական առումով ճիշտ չընկալվի, քանի որ մեզ մոտ պարտադիր է զինծառայությունը։ Դրա համար էլ որոշակի իրավական գործընթաց անցնելուց հետո կներկայացվի հանրության դատին»,- ասաց ՊՆ փոխնախարարը։