Փաշինյանն ասաց, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին (տեսանյութ)
Մենք շարունակելու ենք մեր ջանքերը։ Բավարա՞ր են այդ ջանքերը։ Քանի չեն եկել, ուրեմն բավարար չեն։ Ուրեմն չի արվել, այսինքն՝ ոչ թե չի արվել բառիս բուն իմաստով, այլ որ այլ հարթություններ է պետք գտնել այդ հարցով զբաղվելու, որպեսզի խնդիրը լուծվի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով անհետ կորած և գերեվարված զինվորների մասին:
Նա նշեց, որ անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում։
«Այո, ոչ բոլոր մեր նահատակների մարմիններն են հայտնաբերվել։ Անհետ կորածներ ունենք ոչ միայն սեպտեմբերի գործողություններից, նաև 44-օրյա պատերազմից էլ շուրջ 200 անհետ կորածներ ունենք»,- ասաց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովը վերակազմավորվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորությամբ. «Գիտեմ, որ գերիների, անհետ կորած համարվող զինվորների, քաղաքացիների հարազատների հետ հաղորդակցության մեջ են, պետք է շարունակենք աշխատել այնքան, մինչև խնդիրը լուծված չէ»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ից հետո 17 ռազմագերի է վերադարձվել Հայաստան։
«Ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, հարց չի՞ ծագում, որովհետև դա Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ է, որ Հայաստանի կառավարությունը այդ թվում ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում Հայաստանի շահերին։ Դա արվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումով։