Գործընկերների հետ չպետք է վերջնագրերի լեզվով խոսել. Փաշինյանը՝ ՌԴ-ին վերջնագիր ներկայացնելու մասին
2022-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղին ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել, և շարունակելու է աջակցություն ցուցաբերել։ Այս մասին ասուլիսի ժամանակ լրագրողներին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Հայաստանը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Լաչինի միջանցքի հարցով, Փաշինյանն արձագանքեց, թե չի կարծում, որ գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել։
«Այն, ինչ ունեի ասելու տվյալ իրավիճակի հետ կապված, արդեն հրապարակային ասվել է»,- ասաց նա։
Անդրադառնալով խաղաղապահների մանդատին` նա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց հարցին՝ կրկնելով, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն Լաչինի բնականոն գործունեությունը։
«Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում խաղաղապահների մանդատը չի ստորագրել` ի հեճուկս պայմանավորվածությունների։ Սակայն Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են այդ մանդատը»,- ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե որքանով հիշում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ նշում, որ խաղաղապահների մանդատն ուժի մեջ է մտնում միայն 3 կողմերի ստորագրության դեպքում։
Ամեն դեպքում, Փաշինյանն ակնկալում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում չպետք է վերահսկողություն ունենա։