Նախագահ Բայդենն ուշադիր հետևում է Բրազիլիայում իրավիճակին. Սալիվան
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է Բրազիլիայում ժողովրդավարությունը խաթարելու փորձերը, նախագահ Ջո Բայդենն ուշադիր հետևում է իրավիճակին։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Միացյալ Նահանգները դատապարտում է Բրազիլիայում ժողովրդավարությունը խաթարելու ցանկացած փորձ։ Նախագահ Բայդենն ուշադիր հետևում է իրավիճակին, և մենք անշեղորեն աջակցում ենք Բրազիլիայի ժողովրդավարական ինստիտուտներին։ Բրազիլիայի ժողովրդավարությունը բռնությամբ չի սասանվի»,- գրել է Սալիվանը։
Բրազիլիայում ստեղծված իրավիճակը մեկնաբանել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Նա անընդունելի է անվանել բռնության կիրառումը ժողովրդավարական հաստատությունների վրա հարձակվելու համար և հավելել, որ Վաշինգտոնը միանում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կոչին՝ անհապաղ դադարեցնել անկարգությունները։