Արցախից Երևան տեղափոխված 3 պացիենտի վիճակը կայուն է. Անահիտ Ավանեսյան
«Մենք բոլոր միջոցներով, նաև միջնորդ միջազգային կազմակերպությունների օգնությամբ կազմակերպել ենք Արցախին հրատապ բժշկական օգնությունը և դեղորայքի տրամադրումը, բայց այն իրավիճակային լուծում է և ամենևին չի իջեցնում հումանիտար ճգնաժամի աստիճանը»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև հայտնեց, որ նախորդ օրը երեք պացիենտ է տեղափոխվել Երևանի ԲԿ-ներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ:
«Նրանք կստանան ամբողջական բժշկական օգնություն, բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է, նման ամեն օրն ավելի ու ավելի խորացնում է հումանիտար ճգնաժամը»,-հայտարարեց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ Արցախում կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և բոլոր անհրաժեշտ ապրանքների պակաս:
«Արվում է հնարավորը, որ պակասը լրացվի, բայց այս իրավիճակը չի կարող մեղմվել նման ընթացիկ լուծումներով»,-հայտարարեց Ավանեսյանը: