Կոչ ենք անում շտապ ապահովել Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ տեղաշարժը. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Արցախի Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով՝ հարգելով մարդու իրավունքները, ասվում է Twitter-ում կազմակերպության հրապարակված հայտարարության մեջ։
«Կոչ ենք անում կողմերին չլուծված խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցություններից», -ասվում է հաղորդագրությունում:
Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիները, որոնք իրենց անվանում են «բնապահպաններ», ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։
Պաշտոնական Բաքուն հայտարարել է՝ «ղարաբաղյան տնտեսական գոտում» գտնվող ոսկու և պղնձա-մոլիբդենային հանքավայրերի «անօրինական» շահագործումը պետք է դադարեցվի։