ՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր հրապարակեց Հայաստանի դեմ ներկայացված երկու գործերի վերաբերյալ վճիռը, որում դատարանը գտնում է, որ ՀՀ-ում խախտվել է դիմող կողմի՝ Վճռաբեկ դատարան դիմելու իրավունքը: Խոսքը «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի», «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործերի մասին է: ՀՀ-ն պետք է քաղաքացիների վնասը փոխհատուցի՝ 3600-ական եվրո վճարի Վահան Գույումչյանին և Ռեհան Թովմասյանին:
Ընդհանուր առմամբ ՝ ՀՀ բյուջեից 7200 եվրո կվճարվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Առանց այն էլ սուղ բյուջեից, երբ կարևորգույն ծրագրեր իրագործելու համար միշտ հնչում է, որ փող չկա, փաստորեն ՀՀ քաղաքացիները հերթական անգամ վճարելու են Հայաստանյան դատարանների իրավապահ համակարգի այլ ապօրինությունների համար:
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ ՝ ՄԻԵԴ-ի վճիռը հերթական անգամ խոսում է այն մասին, որ դատական համակարգում անմխիթար վիճակ է. «արդեն քսաներեք տարի փոփոխությունների կարիք կա, առաջին հերթին քաղաքական կամք է պետք, դատավորների ինքնուրույնություն»,- մանրամասնեց նա:
Երվանդ Վարոսյանը նաև ասաց, որ Հայաստանը ՄԻԵԴ-ում գրեթե բոլոր գործերով պարտվում է: Ըստ նրա՝ դեռևս քիչ քաղաքացիներ են դիմում ՄԻԵԴ: Հայաստանի դատական պատկերն առավել ցայտուն կլինի, երբ դիմողների թիվը ավելանա: