Ադրբեջանը ճանապարհը փակ է պահելու այնքան, որքան կարողանա. Գեղամ Ստեփանյան (տեսանյութ)
Արցախի ժողովուրդը 14 օր շրջափակման մեջ լինելով՝ չի փոխել և չի փոխելու իր դիրքորոշումը, իր որոշումը վերջնական է, որ որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի լինելու։ Այս մասին Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին։
«Սա ամենակարևոր ուղերձն էր, որ հղվել է միջազգային հանրությանը։ Ի ուրախություն մեզ՝ պետք է նշեմ, որ միջազգային մեդիաներ ինչ-որ չափով անդրադարձել են այս հարցին։ Կարծում եմ՝ տարբեր երկրներում որոշում կայացնողներին ի գիտություն է գնացել այդ ուղերձները, որոնք հղվել են Ստեփանակերտից։ Ուժեղ ուղերձ էր, որ որևէ ձևով մեզ վրա ճնշում գործադրելով մեր կամքը չեք ընկճի, մեր որոշումը չեք փոխի, ցանկացած պարագայում Արցախում ապրողը հայը պնդելու է, որ Ադրբեջանի կազմում ինքը չի լինելու»,- ընդգծեց ԱՀ ՄԻՊ-ը։