Լաչինի ճանապարհի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները. ՌԴ ԱԳՆ
Լաչինի ճանապարհի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Իհարկե, Լաչինի ճանապարհի շուրջ տեղի ունեցած սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար։ Մենք անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա համատեղ աշխատանքի շուտափույթ վերսկսմանը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ այս դեպքում փաստաթղթի համաձայնեցման ժամկետն այնքան էլ կարևոր չէ։
«Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,- հավելել է դիվանագետը։
Նա նաև նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։