102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, ՌԴ 20-ամյա քաղաքացին խեղդամահ անելով սպանել է իր հետ ապրող 37-ամյա ռուս պարուհուն (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է տեղի ունեցել։
Ոստիկանները նշված փողոցի թիվ 3Ա շենքի բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով բնակվող ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ․-ի դին, ով ըստ դատական բժշկի նախնական եզրակացության՝ մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։
Քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություները հաստատվել էին, և տեղում պարզվել էր սպանվածի և նրան սպանածի ինքնությունը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի զինվորական կայազորի դատախազության դատախազ Մարտիրոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Հրաչ Առաքելյանի, ավագ քննիչ Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Եկատերինա Բ․-ի դին՝ բռնության հետքերով։
Հաշված րոպեների ընթացքում պարզվել է ենթադրյալ սպանություն կատարող անձի ինքնությունը և նրան հայտնաբերել են։

Կայքի տեղեկություներով՝ նա հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցից և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից էլ ներկայացվում է զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։
Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ․-ի հետ։ Սպանվածը պարուհի էր։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
