Արցախցիները Ստեփանակերտից շարժվել են Շուշի՝ խաղաղապահներից պահանջելով բացել Լաչինի միջանցքը (տեսանյութ)
Արցախը Հայաստանին և աշխարհին կապող ճանապարհն արգելափակած ադրբեջանցիների կեղծ բնապահպան լինելը ապացուցելու և նրանց պնդումներին հակափաստարկներ ներկայացնելու նպատակով «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը և մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտից երթով շարժվել են դեպի Շուշի:
Ստեփանակերտ- Շուշի տանող ճանապարհին ռուս խաղաղապահ զորակազմի առաջին անցակետում նրանց չեն թույլատրել առաջ շարժվել՝ պատճառաբանելով, որ ներկայում բանակցությունները շարունակվում են ճանապարհը բացելու համար, իսկ նման նախաձեռնությունը ավելի կսրի իրավիճակը:
«Դուք պետք է ձեր պարտականությունները կատարեք։ Խնդրում եմ, մի ընդունեք սա որպես վիրավորանք, բայց կա 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարություն և մեզ ձեռնտու չէ, որ դուք մեզ ճանապարհեք։ Դուք պետք է ճանապարհը բացեք, ապահովեք անվտանգությունը, այնտեղ չպետք է լինի ոչ մի ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛ չ էլ քաղաքացիական անձ։ Խնդրում եմ ճիշտ հասկացեք մեզ»,-դիմելով ռուս խաղաղապահին՝ ասաց Տիգրան Պետրոսյանը։