Բարձրաձայնե´ք Ադրբեջանի հանցավոր արարքների մասին. Զեմֆիրա Միրզոևան ԱԺ ամբիոնից դիմեց ասորի ժողովրդին (տեսանյութ)
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան խորհրդարանի ամբիոնից կոչ արեց ասորիներին իրենց բնակության երկրներում բարձրաձայնել Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին:
Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու խնդրին:
«Արդեն 12-րդ օրն է՝ փակված է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը: Ադրբեջանական իշխանությունների ուղիղ հրահանգով կազմակերպված այս սադրանքը, որը փորձեցին փաթեթավորել իբրև, այսպես կոչված, բնապահպանական ակցիա, Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը կանգնեցրել է հումանիտար լրջագույն աղետի առաջ»,-ասաց պատգամավորը:
Նա շեշտեց՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հրատապ լուծումներ է պահանջում, այս ուղղությամբ գործուն քայլեր են պետք, ընդհուպ՝ մինչև տարբեր երկրների և կառույցների կողմից պատժամիջոցների սահմանում: Ըստ պատգամավորի՝ այդ ուղղությամբ առաջին հերթին անելիք ունի ՀՀ կառավարությունը, որը պետք է դաշնակից, գործընկեր երկրների հետ միջազգային կառույցներում հետևողական և անհապաղ աշխատանքներ իրականացնի՝ «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի հիման վրա: Սակայն Միրզոևան այսօր նման հետևողականություն չի տեսնում: