Երևանում բեռնատարը կոտրել է գազատար խողովակներն ու գազի հաշվիչ կայանը․ գազամատակարարումը որոշ հատվածներում դադարեցվել է
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում, «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, գազախողովակներն ու գազի հաշվիչ կայանը վնասված է, և կա գազի արտահոսք։
Նմանատիպ ահազանգ ստացել է նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերությունը։ Դեպքի վայր է ժամանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Մովսիսյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան, ըստ տեղեկությունների՝ բեռնատար, Ռուբինյանց փողոցի 27/72 հասցեի մոտ բախվել է գազատար խողովակներին, հետո հաշվիչ կայանին, կոտրել դրանք և հեռացել։
Գազախողովակների վնասվելու հետևանքով սկսվել է գազի արտահոսք, ինչը դադարեցվել է «Գազպրոմի» աշխատակիցների կողմից։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Նշված տարածքում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և ողջ գիշեր ու մինչև այս պահը «Գազպրոմի» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները շարունակում են վթարավերականգնողական աշխատանքներ։