Խոշոր ավտովթար Ուշիի ոլորաններում, 4 վիրավորներից մեկը երեխա է
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser Prado, Mercedes և Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են՝ մեկը՝ «Ապարան», երկուսը՝ «Աշտարակ», մեկն էլ՝ «Վանաձոր» ԲԿ-ներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Մեկին քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց, երկուսին՝ «Աշտարակ» ԲԿ-ի բժիշկները, իսկ մեկին՝ այդ պահին նշված վայրով անցնող «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։ Վանաձորի բժիշկները վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել տեղում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Toyota Land Cruiser-ին, ապա առաջ ընթանալով՝ բախվել 06-ին։